ՀՀ ԱԻՆ մասնագետներից կազմված խումբը երկրի հյուսիսում՝ Տավուշի մարզում, տեղի ունեցած խոշոր սողանքի պատճառներն իմանալու համար հետազոտություն է անցկացրել, որի համաձայն սողանքային երևույթների ակտիվացման վրա ազդեցություն է ունեցել վերջերս Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժերը և Հայաստանի հորդառատ անձրևները:
Կիրակի Այրում երկաթուղային կայանին հարող ճանապարհին (հայ-վրացական սահմանից ոչ հեռու) 130 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ սողանքային զանգվածներ են իջել: Սողանքի տակ են հայտնվել 35 ավտոմեքենաներ, մինչև հիմա անհայտ կորած է համարվում հինգ մարդ, այդ թվում՝ Վրաստանի երկու քաղաքացի:
Համաձայն ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալության տվյալների, 2011թ սեպտեմբերի 28-ին, տեղական ժամանակով ժամը 13.58-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոծմինդա քաղաքից 24 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
«Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի և Աշոցք քաղաքներում, ինչը ևս իր բացասական ներգործությունն է թողել տարածաշրջանի փլուզումային գոտիների լեռնազանգվածների տեղաշարժի գործընթացների վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում ակտիվացել են սողանքային երեւույթները, ինչի հետևանքով մոտ 3000 մ3 ծավալով հողազանգված սահել է ավտոճանապարհին:
Հետազոտության համաձայն, տվյալ տարածքը բնութագրվում է լանջերի թեքությամբ և սողանքային երևույթների մի շարք օջախներով: «Այդ օջախները դեռևս 2004 թ. գույքագրվել և գրանցվել են ՀՀ քաղաքաշինության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություննների, ինչպես նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության մասնագիտական խմբերի կողմից»,- ասվում է ԱԻՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Շուտով որոնողափրկարարական աշխատանքներին ծրագրվում է ներգրավվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային կռունկը, որը նույնպես կօգտագործվի սողանքի տակ մնացած ավտոմեքենաների դուրս բերմանը: Նախորդ երեք գիշերների ընթացքում երկաթուղայինների ջանքերով սողանքի գոտու լուսավորում է ապահովվել, ինչը զգալիորեն հեշտացրել է որոնողափրկարարական աշխատանքները:
ՀՀ ԱԻՆ տվյալների համաձայն, 2007թ.ժ-ից հանրապետությունում գրանցվել է սողանքի 50 դեպք, որոնցից 19-ը՝ Տավուշում և 10-ը՝ Լոռու մարզում: Սողանքային երևույթների ակտիվացման արդյունքում Հայաստանում զոհեր և տուժածներ չկան: -0-