Հորդառատ անձրևները բարդացնում են որոնողական աշխատանքները Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած սողանքի գոտում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ:
ՀՀ ԱԻՆ-ը երկուշաբթի հրապարակել է երկրի հյուսիսում սողանքի հետևանքով յոթ անհայտ կորածների անունները, նրանց թվում Վրաստանի չորս քաղաքացի կա:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Լճկաձոր և Այրում համայնքների էլեկտրամատակարարումը վերականգնվել է: -0-