Մի կին է ինքնասպանություն գործել Դիլիջան քաղաքում, նրա որդին և դուստրը նույնպես փորձել են ինքնասպան լինել, հաղորդում է հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Պատահարի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանական բաժանմունքում ստացվել է տեղական ժամանակով 00:10 րոպեին:
Ոստիկանության՝ դեպքի վայր մեկնած աշխատակիցները հայտնաբերել են իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած Դիլիջանի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանին:
«Նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով ինքնասպանության փորձ են կատարել նաև նրա 23-ամյա դուստրը և 25-ամյա որդին: Երկուսն էլ տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետնին նետված և ջարդված նկարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով՝ «Ինքնասպանության հասցնելը»: Կատարվում է նախաքննություն` պատճառները պարզելու համար: -0-