Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումների գործով 13 մարդ է բերման ենթարկվել. Գլխավոր դատախազություն

23.09.2011, 19:52
Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումների գործով 13 մարդ է բերման ենթարկվել. Գլխավոր դատախազություն
Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումների գործով 13 մարդ է բերման ենթարկվել. Գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում Ոստիկանությունում 13 մարդ է բերման ենթարկվել, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը և ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը 2011 թվականի սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան վնասազերծել է հանցավոր կայուն մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ  կատարելու մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ստացած օպերատիվ տվյալների համաձայն՝ հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն,  ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում:

Հաղորդագրության համաձայն, հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցուցաբերել են զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել, և հանցավոր խումբը վնասազերծվել է: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված անձանցից մեկը փախուստի դիմելու պահին ընկել է և մահացել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը: Կատարվում է նախաքննություն պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին:
Հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

Դեպքի առթիվ հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) և 235-րդ հոդվածի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Քրեական գործը գտնվում է Ոստիկանության գլխավոր քննչական վարչության վարույթում:
 

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ, իրականությանը չի համապատասխանում. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի,  Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի որդիները բերման չեն ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ինչ վերաբերում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի որդուն, ապա նա բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի մոտակայքից՝ մի շարք մեքենաների պատկանելությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում ի թիվս այլ անձանց»,- ասվում է հայտարարության մեջ: -0-