ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականները լուրջ քննադատության են ենթարկել հայոց բանակում զինծառայողների մահվան դեպքերը:
Վերջին շրջանում հայկական բանակում հաճախակի են դարձել զինծառայողների մահվան հետ կապված միջադեպերը: Վերջին աղմկահարույց իրադարձությունների թվում են օգոստոսի 26-ին կանոնադրական հարաբերությունների խախտման պատճառով 19-ամյա Աղասի Աբրահամյանի վախճանը, ինչպես նաև ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Մկրտչյանի մահը, ով զոհվեց սեպտեմբերի 6-ին՝ վիճաբանության արդյունքում զինծառայակցի կողմից արձակված հրազենային կրակոցից:
«Ես քննադատում են նման երևույթը, խստորեն պետք է պատժել այն մարդկանց, ովքեր դիտավորյալ ձեռք են բարձրացնում ծառայության իրենց ընկերների վրա, որոնց հետ նրանք հայրենիքի պարտքն են կատարում»,- ուրբաթ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ պատգամավորները կարող են և պարտավոր են նման դեպքերն ուշադրության կենտրոնում պահել, քննարկել դրանք համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ և հետևողական լինել, «որպեսզի նման երևույթները մեր երկրում, որքան հնարավոր է, հազվադեպ լինեն»:
«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն իր հերթին մտահոգություն հայտնեց ժամկետային զինվորների մահվան փաստերի առնչությամբ և վստահություն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում:
«Մենք մի քանի քննարկումներ ենք անցկացրել ՊՆ ներկայացուցիչների հետ, ես վստահ եմ, որ բոլորը շուտով իրավապահ մարմինների և ռազմական կառույցների պատասխանը կստանան հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ»,- ասաց նա: -0-