Թուրք-ամերիկյան «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանողը երկուշաբթի դատապարտվել է 22 տարի և 10 ամսվա ազատազրկման, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով դատարանի որոշմանը։
Թուրքիայում աղմուկ բարձրացրած դատավարությունը շարունակվում է 2007 թվականի հունվարից, երբ հայազգի լրագրողը սպանվեց Ստամբուլում իր գլխավորած շաբաթաթերթի գրասենյակի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց հանցագործության հաջորդ օրը։ Քանի որ նա անչափահաս էր, դատավարությունը շարունակվեց Անչափահասների գործերով Ստամբուլի դատարանում։ Հանցագործության մյուս երկու մասնակիցներ Յասին Խայալը և Էրհան Թունջելն ավելի վաղ դատապարտվել էին տարբեր ժամկետների ազատազրկման, սակայն Սամասթի նկատմամբ գործը ձգձգվեց, և բազմաթիվ իրավապաշտպաններ չէին բացառում, որ նա կարող է խուսափել պատժից։
Դինքի սպանությունը լայն արձագանք գտավ Թուրքիայում։ Նրա հուղարկավորությունը վերածվեց բազմահազարանոց ցույցի, որին մասնակցեցին մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Իրավապաշտպանները և սպանված լրագրողի ընտանիքը բազմիցս խնդրել են հանցագործություն քննությունն ավարտին հասցնելու մասին։
Դատարանում վերջին խոսքով հանդես գալով ՝ Սամասթը զղջացել է կատարած հանցագործության համար և խնդրել է ներում շնորհել իրեն։ Նա ասել է նաև, թե չգիտեր, որ իր զոհը Թուրքիայի համար, այդ թվում՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայոց ցեղասպանության խնդիրներին վերաբերող սուր թեմաներով գրող լրագրող է։ -0-