ԱՄՆ-ում անկանոն շոգը 22 մարդու մահվան պատճառ է դարձել, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Շոգի ռեկորդային մակարդակը նշվել է Այովա, Միչիգան և Ֆլորիդա նահանգներում, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Այժմ անկանոն բարձր ջերմաստիճանը տարածվել է նաև Հյուսիսային Դակոտա, Իլինոյս և Մինեսոտա նահանգների տարածքում։
Ըստ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային կառավարման ներկայացուցիչ Ջասթին Քենի (Justin Kenney) տվյալների, շոգն արդեն տարածվել է այն տարածքներում, որտեղ շուրջ 141 մլն մարդ է բնակվում։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, այս եղանակը կպահպանվի առնվազն մինչև շաբաթ օրը, որից հետո ջերմաչափի սյունակը միայն աննկատ կնվազի։
ԱՄՆ-ում շոգը գլխավոր բնական «մարդասպանն» է։ Այստեղ շոգի պատճառով տարեկան միջինը 160 մարդ է մահանում, փոթորիկների զոհ է դառնում 115, ջրհեղեղների՝ 65, տորնադոների՝ շուրջ 60 մարդ։ -0-