ԱԱԾ-ն ձերբակալել է ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ ձերբակալել է Երևանի բնակիչ Հայկ Վարդանյանին, ով կիրակի զանգահարել էր օդանավակայան և հայտնել, թե իբր ինքնաթիռներից մեկում ռումբ է տեղադրված:
Մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու ծառայություն անանուն հեռախոսազանգ էր ստացվել, որ նույն օրվա Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված:
Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ էր:
ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 23-ին, հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակ, Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված, նախկինում երեք անգամ դատապարտված Հայկ Սուրիկի Վարդանյանը:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ զգուշացնում է, որ նմանատիպ արարքների հեղինակները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: --0-

