Հրազդանում հայտնի հրուշակագործի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով

02.04.2025, 13:58
Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ կնոջը գտել են կախված վիճակում
Հրազդանում հայտնի հրուշակագործի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հրազդանում 40–ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Դեպքի առթիվ 2025 թվականի մարտի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ», – նշեց Ավդալյանը։

Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ կնոջը գտել են կախված վիճակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդանում մարտի 31–ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Կախված վիճակում հայտնաբերվել է 40–ամյա Ս․Պ–ի մարմինը, ով քաղաքում եղել է հայտնի հրուշակագործ։ Նա ամուսնացած էր, ուներ երկու զավակ, երկար տարիներ զբաղվել է տոնական տորթերի պատրաստմամբ: Նրա պատրաստած տորթերը զարդարել են հայտնի հասարակական և մշակութային գործիչների միջոցառումները: