ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 28-ին, ժամը 00։25-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 46-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Mercedes C230» (վարորդ՝ Դավիթ Շ․, ծնված 1999 թ.) մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որն ինքնամարվել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Վարորդը և ուղևոր Աշխեն Մ․ն (ծնված 2000 թ․) ստացել են դեմքի և ձեռքերի հատվածում թեթև այրվածքներ և հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:-0-