ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 16-ին ժամը 08:50-ին ոստիկանության աշխատակիցներն անհայտ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Վանատուր թաղամասի թիվ 438 տան մոտակա լճակում իրականացնելու նպատակով դիմել են Փրկարար ծառայության օգնությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը։
ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը (նավակով) մեկնել են օգնության:
«Փրկարարները թիվ 285 տան մոտակայքում գտնվող լճակից հայտնաբերել են քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի բնակիչն ենթադրվում է, որ ընկել է տան հետնամասում գտնվող ճահիճը:
Պարզվել է, որ Վանատուր թաղամասի թիվ 438 տան բնակիչ Սիրանուշ Հ.-ն (ծնված 1937 թ.) ապրիլի 11-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Չորս օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 15-ին ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում՝ Վանատուր թաղամասի մոտակայքում, որոնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով դիմել են ջրափրկարարների օգնությանը:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում և մոտակայքում իրականացրել են մանրակրկիտ և երկարատև որոնողական աշխատանքներ, որը դադարեցվել է մթության պատճառով:-0-