Հետնամասից մտել էր տուն և ննջասենյակից գողացել 14 ոսկյա զարդ և 117 հազ․ դրամ (ՎԻԴԵՈ)

25.03.2025, 21:07
28–ամյա երիտասարդը 10 օր անց ձերբակալվել է․ ՎԻԴԵՈ
Հետնամասից մտել էր տուն և ննջասենյակից գողացել 14 ոսկյա զարդ և 117 հազ․ դրամ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս մարտի 4-ին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Լճաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ այդ օրը, ժամը 8.30-ից մինչև 13.30-ը, երբ իրենք բացակայել են բնակարանից, տեխնիկական միջոց կիրառելով բացել են հետնամասի եվրապատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա 14 զարդ ու 117 հազար դրամ:

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է Երևանում հաշվառված, բայց հենց Լճաշեն գյուղում բնակվող 28-ամյա մի երիտասարդ: Պարզվեց նաև, որ նա ոսկյա զարդերն իրացրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում:

Մարտի 13-ին երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է արարքը:Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: