Հայտնի է Ճամբարակի պայթյունի զոհերի ինքնությունը․ 54–ամյա տղամարդուն որոնում են փլատակների տակ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հրապարակվել են Ճամբարակի պայթյունի չորս զոհերի անունները։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյան։
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Ղուկասյանը, փլատակներից փրկարարները դուրս են բերել անհետացած 5 անձանցից 4-ի դիերը: Որոնվող քաղաքացիների մեջ է 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանը, ում էլ, փրկարարներն, այս պահին փնտրում են:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հունիսի 11-ին, ժամը 08։34-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների Ճամբարակի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Տուժել է 11 անձ։