Հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ. Երևանում 10 անձ է ձերբակալվել խուլիգանություն կատարելու կասկածի առկայության հիմքով
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նազարբեկյան թաղամասից և Շինարարների փողոցից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին են բերվել Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Վ. Ա․-ն, 32-ամյա Ռ. Բ․-ն՝ իր կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Երևանի բնակիչներ 17-ամյա Հ․ Խ․-ն, 46-ամյա Ա. Բ․-ն, 36-ամյա Գ. Ա․-ն, 28-ամյա Հ. Մ․-ն, 29-ամյա Ա. Ս․-ն, 42-ամյա Ա. Ա․-ն, 42-ամյա Ս. Խ․-ն և 30-ամյա Ա. Ա․-ն։
Կայքի տեղեկացմամբ, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ բերման ենթարկվածները դեկտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 3/1 հասցեի մոտ հասարակության նկատմամբ անհարգալից բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել, որը դրսևորվել է հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչնդոտելով։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

