Գյումրիում 2–ամյա երեխան իր ծննդյան օրը 3–րդ հարկից վայր է ընկել
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացել, որ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են տեղափոխվել մի երեխա։
Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծնողի ուղեկցությամբ, ում տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց։
Տեղում քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի բնակիչ 2-ամյա տղա է, ով Գյումրու իրենց շենքի 3-րդ հարկի բնակարանի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նոյեմբերի 14–ին երեխայի ծննդյան օրն է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխային Գյումրու շտապօգնության ավտոմեքենան Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխելուց հետո, Գյումրի հետ վերադառնալիս Երևանում՝ Սեբաստիա փողոցում, վթարի է ենթարկվել։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

