Գողացել էր 350 հազ․ դրամի ոսկեղեն․ 32–ամյա տղամարդուն ձերբակալել են (ՎԻԴԵՈ)

02.05.2025, 21:27
Ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել․ ՎԻԴԵՈ
Գողացել էր 350 հազ․ դրամի ոսկեղեն․ 32–ամյա տղամարդուն ձերբակալել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել է, որ հյուրասենյակի պահարանից հափշտակել են մեկ թևնոց ու երեք մատանի՝ պատճառելով մոտ 350 հազար դրամի վնաս:

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է Արտաշատի բնակիչ 32-ամյա մի տղամարդ: Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: