Երևանում ավտոբուսի պայթյունից տուժածներից մեկը հղի կին է

25.04.2016, 23:56
Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 տուժածներից մեկը հղի կին է:
Երևանում ավտոբուսի պայթյունից տուժածներից մեկը հղի կին է
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 տուժածներից մեկը հղի կին է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

«Մոր և երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում: Մյուս տուժածների մասին առայժմ նոր տեղեկություններ չկան»,- ասաց Հայթայանը:

Երկուշաբթի երեկոյան 21:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 ավտոբուսում: Ճշտված տվյալներով, զոհվել է մեկ մարդ, վեց տուժածներ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածներից մեկը վիրահատարանում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանությունը պարզում է Երևանում ավտոբուսի պայթյունի հանգամանքները: -0-