Երևանում տղամարդու մոտ հայտնաբերվել է մոտ 3կգ մեթամֆետամին, 1կգ–ից ավելի մարիխուանա (ՎԻԴԵՈ)

26.03.2025, 14:52
Տղամարդու բնակության վայրում նույնպես հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոց․ ՎԻԴԵՈ
Երևանում տղամարդու մոտ հայտնաբերվել է մոտ 3կգ մեթամֆետամին, 1կգ–ից ավելի մարիխուանա (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացրին անմիջապես։

Համագործակցելով Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևանի պարեկների հետ` մարտի 13-ին, ժամը 23.30-ին, մայրաքաղաքի Արցախի պողոտայում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբալալվել և Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 և 41 տարեկան երկու տղամարդ։

41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամ մեթամֆետամինի, 4,3 գրամ հաշիշի, 1,8 գրամ հերոինի և 16,4 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:

Պարզվել է նաև, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, մարտի 14-ին խուզարկություն է կատարվել 41-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում։

Հայտնաբերվել են շուրջ 2 կգ 810 գ. մեթամֆետամինի, 1 կգ 26,19 գ. մարիխուանայի, 812 գ. հերոինի, 229,52 գ. ափիոնի, 36 գ. կոկաինի և 30,52 գ. հաշիշի յուղի նմանվող զանգվածներ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: 41-ամյա տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: