Երևանում տղամարդը, տեսնելով պարեկներին, մեքենայից նետել է ավելի քան 150 փաթեթ թմրանյութ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքի պարեկները ծառայություն իրականացնելիս նոյեմբերի 15-ի գիշերը Լուկաշինի փողոցում նկատել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի կասկածելի վարքը. պարեկներին տեսնելուն պես ուղևորը մեքենայից նետել էր պոլիէթիլենային տոպրակ, որում կային կպչուն ժապավենով տասնյակ փաթեթներ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Ժամը 1.45-ին, Լուկաշինի փողոցի հետնամասում, թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով պարեկները ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածնի բնակիչ 25-ամյա ուղևորին և Գորիսի բնակիչ 32-ամյա վարորդին:
Պարզվել է, որ տոպրակում կա ավելի քան 150 փաթեթ։
Վարորդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա տեսակի թմրամիջոց է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

