Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 տուժածներից 1-ն անչափահաս է
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21:15-ի սահմաններում Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի հատվածում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Է. Հ.-ն՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են:

