Երևանում պայթյուն է տեղի ունեցել Hyundai մակնիշի մեքենայում․ վարորդը տեղում ստացել է առաջին օգնություն

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում պայթյուն է տեղի ունեցել Hyundai մակնիշի մեքենայում։
ՀՀ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 23-ին՝ ժամը 07։19-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցում կայանված մի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Սարկավագի փողոցի թիվ 129 հասցեի մոտակայքում, նախնական տվյալներով՝ գազով շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Վնասվել են ավտոմեքենան և մոտակայքում գտնվող դեղատան երկաթյա ծածկը: Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքը միայն նյութական է։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Վարորդը տեղում ստացել է առաջին օգնություն։