Երևանում և Սյունիքում դաժան ծեծի են ենթարկվել քույր ու եղբայր. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հունիսի 17-ի երեկոյան Խաղաղ Դոնի փողոցում մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել 39-ամյա Կարո Մ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Տեղում պարզվել է, որ մինչ այդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայի կողմից Սյունիքի մարզից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա Մարո Մ.-ն։
Վերջինս նույնպես գտնվում է ծայրահեղ վիճակում և նշված անձինք քույր ու եղբայր են։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ այս պահին հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։ Կարո Մ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մարո Մ.-ին ծեծի է ենթարկել Սյունիքի մարզի գյուղապետերից մեկը։ Երբ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա եղբայրը Խաղաղ Դոնի փողոցում է եղել ու մի խումբ անձինք հարձակվել ու ծեծի են ենթարկել նաև նրան։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։