Երևանում 55–ամյա տղամարդը 2 մլն դրամի էլեկտրոնային ծխախոտ է գողացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում բացահայտվել են 2 միլիոն դրամից ավելի էլեկտրական ծխախոտների գողություններ։
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը. էլեկտրական ծխախոտերի խանութից գողություն էր կատարվել:
Համայնքային ոստիկանության Նոր Նոքի բաժնից մեկնեց օպերատիվ խումբ: Տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրական ծխախոտ:
Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ նոր ահազանգ: Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել և գողացել էին մեկ միլիոն դրամի էլեկտրական ծխախոտ: Այս հանցագործությունն էլ կատարվել էր ուշ երեկոյան, մութն ընկնելուց հետո:
Իրավապահների գործողություններն այս անգամ արագ արդյունք տվին:
Պարզվեց, որ երկու գողությունն էլ կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը: Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Նոր Նորքի բաժին:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: