Երևանում 31-ամյա տղամարդը կատարել է ավտոմեքենաների կողային հայելիների գողություններ. նա կալանավորվել է (ՎԻԴԵՈ)

17.02.2026, 12:45
Ոստիկանները հայտնաբերել են տարբեր մակնիշների ավտոմեքենաների կողային հայելիների 21 զույգ ապակի. ՎԻԴԵՈ
Երևանում 31-ամյա տղամարդը կատարել է ավտոմեքենաների կողային հայելիների գողություններ. նա կալանավորվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բացահայտել են ավտոմեքենաների կողային հայելիների մի շարք գողություններ։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Հանցագործության մասին հաղորդումը ստացվել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին. Արամ Խաչատրյան փողոցի բնակիչներից մեկը հայտնել էր իր մեքենայի հայելիների ապակիների հափշտակության մասին: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի փետրվարի 10-ին համայնքային ոստիկանները տեղեկություններ են ստացել հնարավոր հանցագործի ինքնության վերաբերյալ: Նույն օրը, ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Վաղարշյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:

Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են.

-ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ,

-3 բջջային հեռախոս,

-գաղտնի փականով դանակ:

Առավել ուշագրավ են եղել տղամարդու բնակարանում կատարված խուզարկության արդյունքները: Ոստիկանները հայտնաբերել են տարբեր մակնիշների ավտոմեքենաների կողային հայելիների 21 զույգ ապակի:

Ցանկում ներառված են եղել հետևյալ մակնիշների մեքենաներ. «Լեքսուս», «Տեսլա», «Ռենո», «Նիսան Ռուժ», «Ջիպ Չերոկի», «Տոյոտա Քեմրի», «Մերսեդես», «Վոլտ», «Հյունդայի Էլանտրա», «Մազդա», «Ֆորդ Ֆյուժն», «Կիա Ֆորտե» և «Շևրոլե Մալիբու»:

31-ամյա տղամարդուն ներկայացվել է մեղադրանք, նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ներկայումս իրավապահները միջոցներ են ձեռնարկում տուժած տերերին հայտնաբերելու և գողացված գույքը նույնականացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: