Երևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանի հյուրանոցներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն, ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է նկուղային հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։ Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։

