Երևանի դպրոցներից մեկի հետնամասում 14–ամյա աշակերտը դանակահարել է մեկ այլ 14–ամյա դեռահասի

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է:
Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է տեղափոխվել՝ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ:
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել նշված դպրոցից շտապօգնության բժիշկների կողմից:
Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:
Մաշտոցի ոստիկաններն այնուհետև իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալը և ծնողների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալն ու վիրավորը սովորում են Աջափնյակ վարչական շրջանում գործող տարբեր դպրոցներում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։