Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին. նախարարը՝ Ծափաթաղում մահացած գտնված 3–ամյա Տիգրանի մասին

03.11.2025, 13:04
Ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել, ասել է նախարարը
Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին. նախարարը՝ Ծափաթաղում մահացած գտնված 3–ամյա Տիգրանի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս վարկածը, ի թիվս այլնի, առաջին օրվանից եղել է , ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Փոքրիկի եղբայրը ուներ առողջական խնդիրներ, ներգրավել էինք համապատասխան մասնագետներ։ Այս պահի դրությամբ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման դեպքում է վրա հասել դեպքը։

«Երբ դեպքը տեղի է ունեցել, մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքներն ամբողջ հարակից հատվածում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հարցի զգայունությամբ պայմանավորված՝ այլ մանրամասներ չի կարող հանրայնացնել։

Լրագրողների այն դիտարկմանը, թե հայրը ունեցել է առողջական որոշ խնդիրներ, նախարարն ասաց, որ արդեն իսկ նշանակվել են որոշ փորձաքննություններ երեխայի հոր առողջական վիճակի և մնացյալ հարցերի պարզաբանման նպատակով, թեման կոմունիկացվել է տարածքային սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն և ընթացք տրվի։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում հոկտեմբերի 27–ից որոնում էին 3–ամյա Տիգրանին։ Քննչական կոմիտեն սպանության հոդվածով քրեական վարույթ էր նախաձեռնել:

Նախօրեին հայտնաբերվել էր հոկտեմբերի 27–ից Ծափաթաղում որպես անհետ կորած որոնվող 3–ամյա Տիգրանի մարմինը։