«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ավարտվել է 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ի շրջանում մեկ անձի կողմից հրացանով «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ» կենտրոն մտնելու, անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մի քանի անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հունվարի 23-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2020թ. հունվարի 25-ին Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (Պատանդ վերցնելը)2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
«Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ Ա. Թ.-ն տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, հանցավոր արարքը կատարելիս գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում: Ըստ փորձաքննության եզրակացության՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ա. Թ.-ին հարկ է ճանաչել անմեղսունակ, իսկ ներկա հոգեկան վիճակով նա սոցիալապես վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար և ունի մեկուսացման, հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադիր բուժման կարիք»,- ասսվում է հաղորդագրության մեջ։
Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել, միաժամանակ, դատարանի 2020թ. մարտի 21-ի որոշմամբ Ա. Թ.-ն, որպես անվտանգության միջոց, տեղավորվել է հոգեբուժական հիվանդանոցում, ինչից ելնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:
Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու նախաքննական մարմնի որոշումը և քրեական գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:-0-