Ձերբակալվել է «Վստրեչի Ապերը»

12.07.2020, 13:40
Ձերբակալվել է «Վստրեչի Ապերը». նրան գտել և ձերբակալել են հենց իր տանը
Ձերբակալվել է «Վստրեչի Ապերը»

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի Ապերը»: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ՔԿ-ին:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում: Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ:Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»,- հայտնել են ՔԿ-ից:

Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ նա որոշ ժամանակ եղել է Վրաստանում, իսկ երեկ որոշել է վերադառնալ: Նա ընկերներին հայտնել է, որ կարոտել է թոռանը և ձերբակալվել է հենց իր տանը:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

Մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված և զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ և, ինչպես երևում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետևանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաև հափշտակության դեպքեր։