Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը։
Տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար՝ Կիմա Ավդալյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՔԿ-ից նշել են, որ նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է:
Ավելի վաղ ԶԼՄ-երում տեղեկություններ էին շրջանառվում, որ այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի Ոսկու շուկա, ձերբակալել են շուկայի տնօրենին:
Shamshyan.com-ն էլ հայտնել է, որ իրավապահները օպերացիա են իրականացրել նաև Կուրղինյան փողոցում՝ «Լեդի Հակոբի» ազգականի տանը։ Հիմնականում փնտրել են թմրամիջոցներ, զենք-զինամթերք և այլ կասկածելի իրեր։
Կայքի տեղեկություններով, ոստիկանություն տեղափոխված անձանց թիվը հասնում է 15-ի։

