Դաժան ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են բեռնատարն ու Mercedes–ը, վարորդն ու 3 ուղևորները տեղում մահացել են
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահմանի ավտոճանապարհի Շնող գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Mercedes ML» և «DAF» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 4 մարդ տեղում մահացել է։
Մահացածներից երկուսը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 2-ին «Mercedes ML»-ից դուրս են բերել դեպքի վայր ժամանած փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդների և մահացածների ինքնությունը պարզվում է։
Ալավերդու բժշկական կենտրոնի շտապ օգնությունը տեղում օգնություն է ցուցաբերել «DAF»-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները գնում էին Լոռու մարզի գյուղերից մեկում թաղման արարողությանը մասնակցելու։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխովել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

