Բուժօգնության կարիք ունեցող երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության մեքենային․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 15-ին` ժամը 21։23-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Միրաք գյուղ են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցներ։ Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո պարեկների ուղեկցությամբ շտապօգնության խումբը նրանց տեղափոխել է բժշկական կենտրոն։
Բժիշկների, փրկարարների և պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Ծառայության ընթացքում փրկարարներին աջակցել են ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող ՍՊ ընկերության աշխատակիցները։

