ԱԺ անվտանգության աշխատակիցները լրագրողներին դուրս են բերել ԱԺ–ի շենքից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ անվտանգության աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին դուրս են բերել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճից։
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե լրագրողները հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք չունեն։ Չնայած պատգամավորների միջամտությանը, մասնավորապես՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ով հրավիրել էր լրագրողներին, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի թույլտվությանը, նրանց չի թույլատրվել մնալ դահլիճում։
Հայտարարվել է ընդմիջում, և անվտանգության աշխատակիցները լրագրողներին ուղեկցել են մինչև խորհրդարանի դարպասները։
Ավելի վաղ Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրողներին հավատարմագրությունից զրկելու իշխանությունների գործողությունները։ Հայտարարության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում (ԱԺ) իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը մոտեցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան ձեռքբերման աղմկահարույց դրվագի վերաբերյալ, որը նա ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է Hetq.am-ի գործընկերների կողմից:
Կոնջորյանը պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն՝ անմիջապես դիմումներ է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար, իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանին՝ պահանջելով անցանկալի հարց հնչեցնող լրագրողներին զրկել հավատարմագրումից և արգելել նրանց մուտքն Ազգային ժողով՝ պատճառաբանելով, թե իր հետ նախապես պայմանավորվածություն չի եղել հարցազրույցի մասին, և իբրև թե լրագրողները սահմանված վայրում չեն գտնվել: Դեկտեմբերի 17–ից լրագրողներին արգելվել է մեկ տարի մուտք գործել ԱԺ։

