Այսօր Երևանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 1 անձ է հոսպիտալացվել. շենքից տարհանվել է 30 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանի հյուրանոցներից մեկի նկուղում հրդեհ էր բռնկվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Ինչպես հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի նկուղային հարկում։
Մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։ Նկուղային հարկում այրվել է մոտ 4 խմ պահեստավորած գորգ։
Հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հյուրանոցի պահեստ և խոհանոց։

