Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երկուշաբթի գիշերը Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ Ford միկրոավտոբուսի և GAZ-53 բեռնատարի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
ՆԳՆ ՓԾ-ի փոխանցմամբ, Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 00:28-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած ավտոմեքենայից դուրս է բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Շտապօգնության բժիշկն արձանագրել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZ-53» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: