Ավտովթար՝ քարով բարձված բեռնատարի մասնակցությամբ. կա 2 զոհ և 1 վիրավոր (ՖՈՏՈ)

08.10.2025, 10:40
Մահացած ուղևորին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով. ՖՈՏՈ
 Ավտովթար՝ քարով բարձված բեռնատարի մասնակցությամբ. կա 2 զոհ և 1 վիրավոր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր: 

Կայքի տեղեկացմամբ, ժամանել է ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի պարեկները։

 Պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում:  

Նշված հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խ. Մ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Ն. Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

 Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «ԶԻԼ»-ն էլ, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է և քարերի մի մասը թափվել է:  

Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մ.-ն ու «Mercedes»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Ն. Պ.-ն տեղում մահացել են, իսկ Ն. Գ.-ն տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը: 

Փրկարարներից ավելի քանի 3 ժամ է պահանջվել  հատուկ տեխնիկաների միջոցով «Mercedes»-ի մահացած ուղևորին ավտոմեքենայից դուրս բերելու համար։  Իսկ «ԶԻԼ»-ի վարորդին դուրս են բերել  իր ավտոմեքենայի տակից: 

 Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՔԿ Ապարանի քննչական բաժին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

авария