Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ, մեքենայում հայտնաբերվել է ուղևորի մոխրացած դին

06.10.2025, 10:50
Հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ և 3 վիրավոր
Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ, մեքենայում հայտնաբերվել է ուղևորի մոխրացած դին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ժամը 23:40-ի սահմաններում Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Ա. Զ.-ի վարած «Toyota» մակնիշի և դեռևս անձը չպարզված վարորդի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

Կայքի տեղեկացմամբ, վթարի հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել, իսկ Ա. Զ.-ն, վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Հ. Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ այսօր՝ ժամը 00:20-ի սահմաններում, նույն ավտոմեքենայի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Լ. Մ.-ն մարմնական վնասվածքներով ընդունվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները մարել են «Opel»-ում առաջացած հրդեհը, որից հետո այնտեղ հայտնաբերել են մոխրացած դի, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրի: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները: 

 Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական բաժին։