Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապ օգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։