Ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ն՝ այսօր Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը մեկնաբանել է այսօր ավտոբուսի մասնակցությամբ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարը։
Գեղամ Ասատրյանը նշել է, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ առավոտյան ժամը 07:15-ին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։
Վարորդից վերցվել է բացատրություն, պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքականից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից», – նշել է Ասատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի Իսակովի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: