Աթենք-Երևան չվերթի ուղևորից 1250 եվրո են գողացել․ կասկածյալն ու գողացված գումարը հայտնաբերվել են
20.05.2025,
11:59
Անձնական խուզարկությամբ գողացված գումարը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 16-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը:
Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին:
Անձնական խուզարկությամբ գողացված գումարը հայտնաբերվել է։
Օտարերկրացին ներկայացվել է քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: