Աշտարակում անչափահասների վիճաբանությունը հանգեցրել է դանակահարության

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Աշտարակում բացահայտվել է դանակահարության դեպք, որը կատարվել է անչափահասների միջև: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, փետրվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել է վիճաբանող անչափահաս տղաների:
«Նրանք ներկայացվել են Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից մեկի գոտկային շրջանում առկա է կտրած-ծակած վերք: Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ վնասվածքն իրեն պատճառել է մի անծանոթ տղա»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պատանին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դանակահարող անչափահասի ինքնությունը: Նա ներկայացվել է Աշտարակի բաժին, ապա նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:-0-