Արտառոց դեպք՝ Կոտայքում․ նախօրեից փրկարարներն ու ոստիկանները փնտրում են 2–ամյա տղա երեխային

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին ահազանգել է Փրկարար ծառայություն և հայտնել, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, այս պահին էլ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
«Ոստիկաններն ու փրկարարներն իրականացնում են ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքներ», – նշեց Սարգսյանը։