Արտակարգ դեպք՝ Երևանում․ ոստիկանները փրկել են ջրատարում խեղդվող կնոջը, նրա հետ եղած տղամարդուն ջուրը տարել է

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու, իսկ մյուսին ջուրը տարել է։
Այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ է։
Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացել են ջրից դուրս բերել քաղաքացիներից մեկին, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվել փրկել։
Ոստիկանության ծառայողներից մեկն անգամ վազել է այդ ուղղությամբ, սակայն քաղաքացին արդեն սուզվել է ջրի տակ։
Դեպքի վայր ժամանակ շտապօգնության բրիգադն անհրաժեշտ բուժօգնությունն է ցուցաբերել ոստիկանների կողմից ջրից դուրս բերված կնոջը, ով ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր ուներ։
Տղամարդու որոնողափրկարարական աշխատանքներն իրականցվում են 3 ուղղություններով։ Փրկարար ծառայությունից նաև կապ են հաստատել «Ջրառ» ՓԲԸ-ի օրվա պատասխանատու հերթապահի հետ, համաձայնություն է ձեռք բերվել ժամանակավորապես փակել ջրի հոսքը դեպի ջերմաէլեկտրակայանի տարածքով անցնող ջրատար, որպեսզի «ջուրը նստի» ու փրկարարներին և ջրասուզակին հեշտ լինի որոնողական աշխատանքներ կատարել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ոստիկանների կողմից փրկված կինն ասել է․ «Ճիշտն ասած, երբ օգնություն էիք կանչում, չէինք էլ հավատում, որ շուտ կգան։ Որ եկան, ինձ հանեցին ջրից, սկզբից վախեցա, ասեցի՝ կարողա եկել են մեզ սպանեն, բայց որ հետո փրկեցին ու շատ արագ շտապօգնության բժշիկները ու փրկարարները եկան, արդեն վստահ էի, որ փրկվել եմ ու հենց 2 ոստիկանների շնորհիվ, իսկ մյուսին, ով տղամարդ էր, ջուրը տարավ։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում ոստիկաններին, որ փրկեցին իմ կյանքը, շտապօգնության բժիշկներին, որ տեղում ինձ բուժօգնություն ցուցաբերեցին, փրկարարներին, ջրասուզակին, մյուս ոստիկաններին, ովքեր արդեն 2 ժամ է փնտրում են իմ հետ եղած տղամարդու մարմինը»։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։