Արտակարգ դեպք՝ Երևանում․ մեքենան բախվել է կայանված BMW-ին, մեկ այլ ավտոմեքենայի կոտրել պարիսպն ու կախվելով հայտնվել այլ տարածքում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, հետո անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե բետոնե պարսպին, կոտրել այն և մասամբ կախվելով հայտնվել քաղաքացու տարածքում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդի ինքնությունը:
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ փրկարարները դուրս են բերել անվտանգ վայր:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։