Արտակարգ դեպք՝ Երևանում. մեքենան բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, այն ընկել է հետիոտնի վրա, վերջինս հոսպիտալացվել է

19.01.2026, 13:22
Ցուցանակն ընկել է այդ պահին հետիոտնի անցման վայրով անցնող կին հետիոտնի վրա
Արտակարգ դեպք՝ Երևանում. մեքենան բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, այն ընկել է հետիոտնի վրա, վերջինս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։30-ի սահմաններում «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Միկոյան 4 հասցեում, բախվել է ճանապարհի տեղադրված հետիոտնի համար նախատեսված ցուցանակին և կոտրել այն։

Ցուցանակը ընկել է այդ պահին հետիոտնի անցման վայրով անցնող կին հետիոտնի վրա։

Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապ օգնություն և օգնել քաղաքացիների հետ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։