Արտակարգ դեպք՝ Երևանում. աղբատար մեքենան բախվել է գազախողովակին

13.11.2025, 14:44
Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  ավտոմեքենաները
Արտակարգ դեպք՝ Երևանում. աղբատար մեքենան բախվել է գազախողովակին

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:25-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը: 

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական «Neta», «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Վարորդին առաջինը օգնության են հասել «Գենացվալե» պանդոկի աշխատակիցները, մինչև որ օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր ծառայության աշխատակիցները: 

Նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի Արաբկիրի աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը, և աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու ուղղությամբ: 

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները: