Արտակարգ դեպք՝ Երևանի Հաղթանակի զբոսայգում. մառախուղի պատճառով մեքենան հայտնվել է արհեստական լճակում
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18:00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ և ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում:
Աղբյուրի տեղեկացմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Կայքը հայտնում է, որ փրկարարները փորձում են ավտոմեքենան հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեն կամ էլ հատուկ տեխնիկա պետք է բերվի, հավանաբար՝ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան կարողանան դուրս բերել անվտանգ վայր:
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

