ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 27-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Յոլյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանության Գորիսի բաժնից ահազանգել են ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և խնդրել, որպեսզի դեպքի վայր ժամանեն հրշեջ փրկարարները՝ դուռը բացելու համար։
Հրշեջ փրկարարները բացել են տան դուռը և նշված հասցեի սենյակներից մեկում՝ թիթեղյա տարայի մեջ, ձախ կողաշրջված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ահազանգով այնուհետև ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ 66-ամյա Սուրիկ Հ-ն է։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում