Առևանգման դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդուն նստեցրել են մեքենան, հարվածներ հասցրել ու ստիպել, որ որդին իրենց փոխանցի 250 հազ․ դոլար և 50 հազ․ դոլարի կրիպտոարժույթ

10.10.2025, 16:00
Երևանում օտարերկրացուն նստեցրել են մեքենա, ծեծել ու ստիպել, որ որդին փոխանցի 250 հազար դոլար
Առևանգման դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդուն նստեցրել են մեքենան, հարվածներ հասցրել ու ստիպել, որ որդին իրենց փոխանցի 250 հազ․ դոլար և 50 հազ․ դոլարի կրիպտոարժույթ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհամեդ Մ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, երբ գտնվել է Վարդանանց փողոցի 18/2 շենքի մոտ, իրեն են մոտեցել 4-5 տղամարդ, ովքեր քաշքշելով և հարվածներ հասցնելով, նստացրել են իրենց ավտոմեքենան, որի համարները և մակնիշը չի հիշում։

 Ավտոմեքենայի սրահում իր ծանոթ Մահդի Ն․-ն իր մոտ եղած դանակը ուղղել է դեպի իրեն և սպառնացել, որ կսպանի իրեն և ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը։

Այնուհետև իր մյուս կողմում նստած Մահդի Ա․-ն և ավտոմեքենայում գտնվող անձը, ում չի ճանաչել, սկսել են բռունցքներով հարվածներ հասցնել դեմքի և մարմնի տարբեր հատվածներին, զուգահեռ ստիպելով, որ ինքը զանգահարի որդուն, որպեսզի նա իր գումարները փոխանցի իրենց կողմից ուղղարկված անձին։

Դրանից հետո իր տուն բարձրացած անձին որդին փոխանցել է 250 հազար դոլար, ինչից հետո կրկին սպառնալիքների ազդեցության տակ փոխանցել է 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ։

Ըստ տղամարդու, այդ ամենից հետո Մահդի Ա․-ի հետ բարձրացել է իր բնակարան, որտեղ վերջինս սպառնացել է, որ եթե կատարվածի մասին հայտնեն ոստիկանություն կվերացնեն իրեն և ընտանիքի անդամներին և տվել 5 հազար դոլար՝ ասելով, որ շտապ վերադառնան Իրան։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Մահդի Ն․-ի, Մահդի Ա․-ի և մյուս անդամների ամբողջական տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։