Արարատի մարզում մեքենան ընկել է ձորը․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

02.06.2025, 10:26
Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում
Արարատի մարզում մեքենան ընկել է ձորը․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Հունիսի 1-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղից Երանոս սարի մոտակա տարածքում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (մոտ 300 մ)․ կա զոհ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վերին Դվին գյուղի «Կազմայի սար» կոչվող հանդամասում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին։

Փրկարարները մոտ 15 կմ դժվարանցանելի հատվածով դին փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել են դի տեղափողող մեքենային։